Վաղը` սեպտեմբերի 29-ին, Խանտի Մանսիյսկում տեղի կունենա Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Թեկնածուներն են ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը:

ՖԻԴԵ-ի փոխնախագահ, տղամարդկանց Ադրբեջանի հավաքականի մարզիչ Զուրաբ Ազմայփարաշվիլիի կարծիքով, իշխանափոխություն տեղի չի ունենա:

«Ես չեմ թաքցնում իմ քաղաքական նախասիրությունները: 2002-ից ես աջակցում եմ Կիրսան Իլյումժինովին: Հենց նա միավորեց շախմատային աշխարհը, նրա օրոք խոշոր մրցաշարերի քանակն ավելացել է տասնյակ անգամ, սկսվեց անցկացվել Գրան Պրի: Այո, եղել են եւ սխալներ, բայց սխալները ոչ թե ի վնաս, այլ խաղի օգտին են եղել: Ոչինչ չունեմ Կարպովի դեմ, բայց կարծում եմ, որ Իլյումժինովը շախմատին ավելի մեծ օգուտ կբերի:

Ես պայծառատես Վանգան չեն, որպեսզի կանխատեսումներ անեմ, բայց միջանցքներում արդեն վաղուց խոսում են, որ խնդիրը լուծված է: 160 երկրներից 93-ը պաշտոնապես աջակցել են Կիրսանին, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ է 82 ձայն: Վստահ եմ, որ հաղթանակ կտանի Կիրսան Նիկոլաեւիչը»,- Ազմայփարաշվիլիին մեջբերում է «Սովսպորտը»: