Ուկրաինայի բոլոր խոշոր հայկական համայնքներում ապրիլի 24-ին անցել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել են սփյուռքի, հոգեւորականության ներկայացուցիչներ ու Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ:

Ուկրաինայի հայերի միության Ցեղասպանության հարցերով հատուկ հանձնաժողովից հայտնել են, որ անցկացվել են բազմաթիվ թեմատիկ միջոցառումներ՝ համաժողովներ, ֆորումներ, կլոր սեղաններ, ռեքվիեմ երեկոներ, շնորհանդեսներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, ֆլեշմոբեր եւ այլն: Նաեւ շատ քաղաքների փողոցներում տեղադրվել են բաններներ, բիլբորդներ ու սիթիլայթներ:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի հաղորդագրության, երկրի հայկական եկեղեցիներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել:  

Արդեն երկրորդ տարին է համայնքը տպավորիչ ֆլեշմոբ է անցկացնում, որին ներկա են լինում նաեւ ուկրաինական մտավորականների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Ոկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները համակարգելու համար ստեղծվել է թեմատիկ ու հիշարժան միջոցառումների անցկացման հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փորձագետներ ու տարբեր ռեգիոնների ակտիվիստներ: