Առաջին անգամ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը չփորձեց կոկորդը պատռելով հերքել, որ ագրեսոր է, որ նախահարձակ լինողն ինքն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Որովհետեւ փաստերն այնքան ակնհայտ են: Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը ունեն արբանյակային հետախուզության տվյալները եւ անիմաստ կլիներ Ադրբեջանի կողմից հերքել, որ ռազմական ագրեսիան սկսել են իրենք: Իրենք փորձում էին ընդհանուր ձեւակերպումներով հայտարարել, որ հայկական կողմից եղել է պրովոկացիա, որից հետո սկսվել են ռազմական գործողությունները: Բայց կրկնում եմ՝ ադրբեջանական պատվիրակության գործելաոճին մենք ծանոթ ենք եւ առաջին անգամ շատ ավելի զուսպ էին իրենց ոչ հրապարակային եւ հրապարակային դրսեւորումներում»,-ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ ԵԽԽՎ-ն այն կառույցը չէ, որ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչի, բայց ԵԽԽՎ-ն կարող է ընդունել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է:
«ԵԽԽՎ-ում աշխատանքները երկու հատված ունեն հրապարակային եւ ոչ հրապարակային: Եթե մենք նախապես հրապարակենք, թե ահա այս պահին ինչ ենք անում Եվրոպայի խորհրդում, ում հետ հանդիպում, կարծում եմ՝ բացարձակ անլուրջ կլինի, որովհետեւ ադրբեջանական կողմը անմիջապես դրա հակամեխանիզմները արագ կկիրառի»,-ասաց նա:
Պատգամավորը արդյունավետ գնահատեց պատվիրակության աշխատանքը՝ թե հրապարակային, թե ոչ հրապարակային մասով:
«Լրջագույն աշխատանքներ են տարվում քաղաքական խմբերում եւ հանձնաժողովներում, իսկ հիմնական աշխատանքը հենց դա է: Բացի այդ, առանց փակագծերը բացելու ասեմ, որ մենք հանդիպել ենք ԵԽԽՎ-ում ներկայացված բազմաթիվ պատվիրակությունների հետ, որոնք լուսաբանման ենթակա չեն եղել եւ ցույց ենք տվել Կարմիր խաչի կողմից հաստատված դաժան կադրերը»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Հարցին, թե իրենց կատարած աշխատանքների արդյունքում շրջանառության մեջ կդրվե՞ն ադրբեջանական գործելաոճի վերաբերյալ զեկույցներ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Հենց այնտեղ էլ արդեն բազմաթիվ նախաձեռնություններ սկսվել են, բայց դրա մասին ես իրավասու չեմ հիմա խոսել: Եթե խոսեմ, թե ինչ ենք պատրաստվում անել հունիսյան նստաշրջանում, կունենանք լրջագույն խնդիրներ, բազմաթիվ նախաձեռնություններ արվում են»:
Նշենք, որ մինչեւ ԵԽԽՎ նստաշարջանը, Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց ներկայացվելիք անհերքելի փաստերով պետք է հասնեն նրան, որ ԵԽԽՎ-ն ռազմական հանցագործ ճանաչի Ադրբեջանին եւ վերանայի ԵԽ-ին անդամակցելու հարցը:




























