ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին եւ նրա հետ քննարկել ԼՂ բանակցային գործընթացը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2015թ. հոկտեմբերին պարոն Դեզիրի հետ իր նախորդ հանդիպումը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահը ցավով է նշել, որ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի եւ դրա հետեւանքների վերաբերյալ այն ժամանակվա իր կանխատեսումներն իրականացան. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ այդ երկրի զինվորականները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը:
Այդուհանդերձ, ԼՂ Պաշտպանության բանակը ոչ միայն դիմակայեց, այլեւ արժանի հակահարված հասցրեց հակառակորդին, սակայն Ադրբեջանը շարունակում է սադրանքներ հրահրել, եւ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Նախագահը հյուրի խնդրանքով իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ստեղծված իրավիճակի պատճառների ու դրդապատճառների, ինչպես նաեւ այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ:
Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը հանդիպման սկզբում նախ ՀՀ նախագահին է փոխանցել նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները եւ վերահաստատել բարեկամ Ֆրանսիայի, որ միաժամանակ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ իր երկրում համոզված են, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով եւ շահագրգռված են ի նպաստ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու հարցում:
Կողմերը համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նախ հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմների շուտափույթ ներդրում եւ վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում, որպեսզի կանխվեն ագրեսիվ միջամտությունները, եւ հնարավոր լինի բանակցային սեղանի շուրջ գտնել փոխընդունելի մոտեցումներ հարցի կարգավորման համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի մասնակցությունը իր գլխավորած պատվիրակության կազմում, ըստ պետքարտուղար Դեզիրի, եւս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիան ջանք չի խնայում նպաստելու հիմնախնդրի խաղաղ եւ շուտափույթ կարգավորմանը:































