Պակիստանում քաղցրավենիքից թունավորվելու հետեւանքով 23 մարդ է մահացել, հայտնում են տեղի ոստիկանությունից։
Մահացության դեպքերը գրանցվել էին անցյալ շաբաթ՝ այն բանից հետո, երբ Փենջաբի նահանգի բնակիչը որդու ծննդյան օրվա առթիվ քաղցրավենիք էր գնել։
Ընտանիքի հայրն ու նրա 11 ազգականները մահացել էին։ Ընդհանուր առմամբ թունավորվել էր 77 մարդ, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ոստիկանությունը կալանավորել է տեղի հրուշակեղենի գործարանի 2 սեփականատերերին եւ մեկ աշխատակցի։ Քննիչները փորձում են պարզել, թե ինչպես է թունավոր նյութը հայտնվել քաղցրավենիքի մեջ։





























