ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները առաջնորդվում են նրանով, որ հրադադարի ռեժիմը պետք է անշեղորեն պահպանվի, եւ մեխանիզմներ են պետք, որոնք թույլ կտան վերահսկել դա։ Այս մասին ապրիլի 25-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը։

«Հենց այդ պատճառով անհրաժեշտ է վերահսկման մեխանիզմներ հաստատել եւ դա անել միջազգային հանրության հովանու ներքո։ Այդ դերը կարող է կատարել ԵԱՀԿ-ն դիտորդների, էլեկտրոնային սարքավորումների այլ տեխնիկական կամ մարդկային միջոցների հաշվին, որոնք յուրաքանչյուր պահի թույլ կտան տեսնել, թե ինչ իրավիճակ է տիրում։ Դա պետք է անաչառ տեղեկություն լինի։

Պատերազմը շատ տառապանքներ է բերել։ Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է իրադրությունը։ Պետք է ստիպել, որ հրանոթները լռեն։ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կա միայն մեկ ճանապարհ. վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է պետքարտուղարը։