Ամերիկացի քաղաքական գործիչները միացել են փաստաբան Ամալ Քլունիի նախաձեռնությանը եւ կոչ են անում ազատ արձակել մեկ տարուց ավելի ադրբեջանական բանտում գտնվող լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Հանրապետական սենատոր Մարկ Քըրքը (Իլինոյսի նահանգ) Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես միանում եմ Ամալ Քլունիին և կոչ անում ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային»:

Բացի այդ, մեկ այլ հանրապետական կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնը նշել էր. «Խադիջա Իսմայիլովան բացահայտել է կոռուպցիային առնչվող փաստեր, որոնք այսօր հաստատվում են Պանամական փաստաթղթերում: Ես հպարտ եմ, որ միացել եմ Ամալ Քլունիի նախաձեռնած արշավին, որի նպատակը Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումն է: Բանտարկված լրագրող, ով համարձակություն է գտել իր ձայնը բարձրացնել Ադրբեջանի կառավարության դեմ»:

Այս նախաձեռնությանն են միացել նաեւ սենատորներ Ջոն ՄաքՔեյնը, Բեն Գարդինը, նաեւ բազմաթիվ կազմակերպություններ եւ նախաձեռնություններ:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հենց Ամալ Քլունին է ներկայացնելու Խադիջա Իսմայիլովայի շահերը: