ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկ նպատակ են հետապնդում եւ սերտորեն աշխատում են իրար հետ։ Այս մասին ապրիլի 25-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը։
«Մեր համոզմամբ ստատուս քվոն ավելի անընդունելի է, քանի որ նպաստում է լարվածության աճին եւ հակամարտության վերսկսման սպառնալիքին։ Մեր մոտեցումն այն է, որ միայն բանակցային ճանապարհով է հնարավոր լուծել հակամարտությունը»,- ասել է Արլեմ Դեզիրը՝ հիշեցնելով, որ ապրիլյան դեպքերից անմիջապես հետո համանախագահները կոչ էին արել անհապաղ դադարեցնել ուժի գործադրումը եւ հարգել հրադադարի ռեժիմը, որպեսզի հնարավոր լինի շարունակել բանակցությունները։
«Վերջին տարիներին մենք բոլորս ավելի մեծ թվով զոհեր եւ տառապանքներ ենք տեսնում։ Հակամարտության շարունակումը նոր զոհեր եւ տառապանքներ է բերում»,- ասել է Ֆրանսիայի պետքարտուղարը։
Այդ ենթատեքստում նա նշել է, որ կարծիքը, թե Եվրոպան կարծում է, որ հակամարտությունը իրեն չի վերաբերում, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը։
«Դա այդպես չէ, մենք վերջին տարիներին Մերձավոր Արեւելքից փախստականների հզոր հոսք ենք տեսել։ Ոչ մի անվտանգության մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Մերձավոր Արեւելքում հակամարտություններ են շարունակվում։ Չի կարող միջազգային կայունության մասին խոսք լինել, քանի դեռ Լեռնային Ղարաբաղում կա հակամարտության վերսկսման ռիսկ։ Այդ պատճառով Ֆրանսիան՝ որպես ՊԽ համանախագահ, ընդ որում միակ եվրոպական համանախագահ երկիրը, կգործադրի բոլոր ջանքերը խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Ֆրանսիայի պետքարտուղարը։





























