Երբեմն «Եվրոպան չափազանց իմիջիայլոց է վերաբերվում սեփական անվտանգությանը», հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` Հաննովերում ելույթ ունենալով Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդների հանդիպումից առաջ: 

Նրա խոսքով ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պիտի ձգտեն պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 2 տոկոսը: Միաժամանակ նախագահն արձանագրել է, որ այդ պայմանը կատարում է ընդամենը մի քանի պետություն: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն եւ եվրոպական երկրները կարող էին ավելի շատ բան անել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԵՄ-ն պիտի ստանձնի իր դերը համաշխարհային  կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում: Օբաման զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին կպնդի, որ անվտանգության համար պատասխանատվություն ստանձնեն դաշինքի բոլոր մասնակիցները:   «Մենք պիտի վստահ լինենք սեփական ճակատագիրը ձեւավորելու մեր կարողությանը», — ընդգծել է Օբաման, հայտնում է ՌԲԿ-ն: