Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու եւ ապագայում նման ոճրագործությունները կանխելու պայքարում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Լիբանանի աշխատանքի նախարար Սեջեան Էլ Ազզին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակում Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին եւ Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներին Լիբանանի բարձրաստիճան մասնակցության համար եւ բարձր գնահատել Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ դա վկայում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, եւ Հայաստանը պատրաստակամ է շարունակել Լիբանանի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը: Երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման եւ առկա ներուժի լիարժեք իրացման համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
Իր հերթին Սեջեան Էլ Ազզին ընդգծել է, որ հայ եւ լիբանանցի ժողովուրդներին կապում է դարավոր պատմական բարեկամությունը, եւ Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու եւ ապագայում նման ոճրագործությունները կանխելու պայքարում: Պարոն Ազզին նշել է, որ Լիբանանը կարեւորում է մեր երկրի հետ արդյունավետ փոխգործակցության խորացումը եւ տնտեսական կապերի ակտիվացումը: Նա նշել է, որ Լիբանանի կառավարությունը ողջունում է լիբանանցի գործարարների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը, եւ տեղեկացրել, որ իր այցի ընթացքում հանդիպել է Հայաստանում գործող լիբանանյան մի շարք ընկերությունների ղեկավարների, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մեր երկրում ծավալած գործունեության եւ ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության կապակցությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր:






























