Քվեարկության ժամանակ մատնահետքով ինքնության հաստատում կանցնեն բոլոր ընտրողները, այդ թվում՝ զինվորականները: Այս մասին ապրիլի 25-ին Հայաստանի խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի լրամշակված նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Էլեկտրոնային գրանցման ժամանակ սարքն ընտրողի անուն-ազգանուն-հայրանունով, ընտրացուցակում նրա համարով եւ քվեարկության ժամկետի նշմամբ կտրոն կտրամադրի:

Զորամասերում ընտրության ժամանակ կտրոններն առանց անվան կլինեն, բայց՝ ընտրացուցակում համարով: Զինվորականների մատնահետքերը նույնպես կմուտքագրվեն տվյալների ընդհանուր բազա: Այդ պատճառով, ըստ Հարությունյանի, եթե զինվորականները քվեարկեն զորամասերում, իսկ հետո՝ նաեւ քաղաքացիական ընտրատեղամասում, բազայում առկա մատնահետքով հնարավոր կլինի բացահայտել կրկնակի քվեարկության փաստը (եթե նման բան տեղի ունենա):