Խարկովի քաղաքագլխի պաշտոնակատար Գենադի Կերնեսը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարաբերությունների սերտացման հարցը: Կերնեսի խոսքով՝ Խարկովում բացվել է հայկական եկեղեցի եւ դպրոց, որին քաղաքային իշխանությունները մեծ ուշադրություն են հատկացնում: «Մեր պատվիրակությունը եղել է Հայաստանում, ուր կարեւոր հանդիպումներ է ունեցել ու կապեր հաստատել: Մեր նախագահ Վիկտոր Յանուկովիչը շատ բան է արել Հայաստանի համար: Հավատում եմ, որ մենք կաշխատենք միասին եւ Խարկովը քույր-քաղաք կունենա Հայաստանում»,-ասել է Կերնեսը, ընդգծելով, որ երկու երկրները նույն տարիքի են եւ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարելի է համեմատել Ուկրաինայում ընթացող գործընթացների հետ: 

Անդրանիկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ քաղաքային իշխանությունները մեծ ուշադրություն են հատկացնում հայկական սփյուռքին: Նրա խոսքով՝ հայերը Խարկովում իրենց զգում են սոցիալապես ապահով եւ վաղվա օրվա հանդեպ համոզվածությամբ լի: