Ավելի լավ է՝ Ադրբեջանում լինի զենք, որի վրա կարելի է ազդել, քան այնպիսի զենք, որի վրա ազդելն անհնար է. ռուսական զենքը հետագա կիրառման համար վերահսկողության տարրեր է պարունակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն:
Նրա խոսքով, եթե այնտեղ ամերիկյան կամ թուրքական սպառազինություն լինի, ռազմական գործողությունների ժամանակ ավելի լավ չի լինի: «Ես Նիկոլայ Ռիժկովի հետ խորհրդարանական կապերի շրջանակում բավականաչափ վաղուց եմ զբաղվում ռուս-հայկական հարաբերություններով: Եվ, իհարկե, եղել եմ Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի կողմից նամակ եմ ստացել այն մասին, որ ես «անցանկալի անձ եմ»: Ամեն դեպքում, ինձ համար դժվար է ավելի խորը գնահատական տալ, քան տալիս են մեր նախագահն ու արտգործնախարարը»,- նշել է Չեռնիշենկոն՝ հավելելով, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց հասարակությունը լիարժեք չի տիրապետում:
«Ողբերգությունը, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, մեր ընդհանուր ցավն է: Զոհվեցին, այդ թվում՝ գազանաբար սպանվեցին հայեր: Դա, իհարկե, մեծ ցավ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանն ու համագործակցում նրա հետ»,- նշել է Չեռնիշենկոն:
Սակայն, նրա խոսքով, ուղին ռազմական չէ: «Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք դա: Գիտեմ, որ որոշակի տրամադրություններ կան, որ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունն ունի, եւ, ամեն դեպքում, զենք է վաճառում Ադրբեջանին: Ե՛վ մեր նախագահը, ե՛ւ վարչապետն այդ մասին քիչ են խոսում, բայց մենք հասկանում ենք, որ եթե մենք դուրս գանք այդ շուկայից, ապա այնտեղ կհայտնվի նույն թուրքական եւ ամերիկյան սպառազինությունը: Շահերի այդ հավասարակշռության մեջ չեմ ուզում մեր երկրի ղեկավարությունից ավելի բարձրաստիճան դատավորի դեր ստանձնել, բայց ինձ թվում է, որ դա արվում է ո՛չ ի վնաս Հայաստանի, քանի որ, ամեն դեպքում, մենք իրական զինված ուժեր ունենք հայկական տարածքում»,- ընդգծել է Չեռնիշենկոն:
Նրա համոզմամբ, դա պաշտպանության ավելի մեծ երաշխիք է, քան ինչ-որ տեղ ռուսական զենքը: Խորհրդարանականի խոսքով, ռուսական զենք կա ամբողջ աշխարհում. միայն «Կալաշնիկով» ավտոմատ կա ավելի քան հարյուր երկրներում:
«Դա չի նշանակում, որ մենք ամբողջական ծավալով պահեստամասեր եւ լիցքեր կտրամադրենք: Դա նույնպես որոշակի զսպման տարր է: Եվ հայերը պետք է հասկանան, որ այնտեղ զենք կա, որը հետագայում մարտական վիճակում պետք է պահվի Ռուսաստանից, ապա մենք ազդեցության ավելի շատ մեխանիզմ ունենք, քան եթե դա թուրքական զենք լիներ: Ի՞նչ է հիմա կատարվում Սիրիայում, երբ ԻՊ-ն զենք է ստանում Թուրքիայից»,- ամփոփել է Իգոր Չեռնիշենկոն:





























