Հայաստանում բազմաթիվ ծառահատումներ իրականացվում են բիզնես նպատակների համար։ Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։  

«Ամենամեծ անարդարությունն այն է, որ անտառը հատվում է հատկապես բիզնես նպատակների համար։ Իհարկե սկզբունքորեն անտառը կարող  է հատվել նաեւ բիզնես նպատակի համար, սակայն դա պետք է առկա լինի կառավարման ծրագրում։  Այն հատումները, որոնք մենք ենք տեսել եւ որոնց մասին բնակիչներն են տեղյակ, դրանք չեն մտնում անտառի կառավարման ծրագրի մեջ»- ասաց  Խառատյանը՝  ներկայացնելով «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի՝ Հայաստանի 8 բնակավայրերում իրականացրած ուսումնասիրությունները։

Ազգագրագետը նաեւ ցավով նշեց, որ այսօր «Հայաստանի անտառների հիմնական սպառնալիքը շարունակում է  մնալ բիզնես նպատակի համար հատվող ծառերը»։