ԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայումս նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում՝ մտադիր է իր աշխատակազմը այնպես ձեւավորել, որ կեսը կանայք լինեն, կեսը՝ տղամարդիկ:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է պահել իր խոստումը, ինչպես դա արեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նմանատիպ խոստումից հետո, նախկին պետքարտուղարը պատասխանել է, որ «պատրաստվում է աշխատակազմ ձեւավորել Ամերիկայի նման, քանի որ ԱՄՆ-ում 50 տոկոսը կանայք են», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել էր Նյու Յորքում կայացած փրայմերիզում եւ էլ ավելի մոտեցել Դեմոկրատական կուսակցության հուլիսին կայանալիք համագումարում կուսակցության միասնական թեկնածու հռչակվելուն:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին:





























