Հեռվում տեղի ունեցող ողբերգությունները չեն մտահոգում: Այդ մասին գրել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը` Անտոնիո Գրամշին, որը մինչ այժն համարվում է արտասահմանում ամենամեջբերվող իտալացի մտածողներից մեկը: Իտալական «L’Antidiplomatico» պարբերականը մեջբերումներ է անում 2016-ի մարտին սոցիալիստական «Il Grido del popolo» («Ժողովրդի ճիչը») պարբերականում նրա հրապարակումից:
Հոդվածում նշված է.
«Միշտ այսպես է լինում: Որպեսզի որեւէ բան մեզ հուզի, մեր ներքին կյանքի մաս դառնա, անհրաժեշտ է, որ մեր կողքին պատահի, այն մարդկանց, ում մասին մենք լսել ենք: Բալզակի «Հայր Գորիոյում» Բալզակը Ռաստինյակի շուրթերով այսպիսի ֆրազ է ներկայացնում. «Եթե իմանայիր, որ ամեն անգամ, երբ դու նարինջ ես ուզում, մի չինացի պիտի մեռնի, կդադարեի՞ր նարինջ ուտել»: Եվ Ռաստինյակը պատասխանում է. «Նարինջը գիտեմ, իսկ չինացիներն այնքան հեռու են, որ նույնիսկ չգիտեմ` արդյոք գոյություն ունեն»:
Մենք իհարկե երբեք չենք պատասխանի այնքան ցինիկաբար, որքան Ռաստինյակը: Բայց երբ լսում ենք, որ թուրքերը հարյուր հազարավոր հայերի են մորթել, արդյոք զգում ենք նույն սարսափը, ինչ այն ժամանակ, երբ գերմանացիները գրավեցին Բելգիան:
Իր ամենածանր պահերին Հայաստանը երբեք ոչինչ չի ստացել, իր նկատմամբ խղճահարության պլատոնական դրսեւորումներից կամ իր թշնամիների հանդեպ արհամարհանքից: «Հայերի ջարդ» բառերը կրկնում են որպես ասացվածք, բայց այդ խոսքերի հետեւում ոչինչ չեն պատկերացնում: Չեն պատկերացնում ողջ մարդկանց մսից ու արյունից: Հնարավոր էր զսպել Թուրքիային, որն այնքան շահեր ունի եվրոպական երկրների հետ: Բայց ոչինչ չի արվել կամ էլ` ոչինչ, որը կոնկրետ արդյունք տար:
Ռուսների` Էրզրումը թողնելու, հայկական բոլոր շրջաններ թուրքական զորքի հնարավոր վերադարձի մասին ավելի քիչ է խոսվել, քան Ֆրանսիայում ցեպելինի հարկադրական վայրէջքի (պատերազմի ընթացքում մի քանի այդպիսի վայրէջք է եղել. խմբ.): Եվրոպայում ապրող հայերը պիտի այնպես անեին, որ իրենց հայրենիքը, պատմությունը, գրականությունն ավելի հայտնի դառնային: Փոքր Հայաստանին պատահեց նույն բանը, ինչ մեծ Պարսկաստանին: Ո՞վ գիտե, որ մեծագույն արաբները (Ավերոեսը, Ավիցեննան եւ ուրիշներ) իրականում պարսիկներ էին: Ո՞վ գիտե, որ այն քաղաքակրթությունը, որը մենք սովոր ենք արաբական կոչել, մեծ մասամբ պարսկական է: Իսկ շատերը գիտեն արդյոք, որ վերջին բարեփոխումներն ու Թուրքիայի զարգացումը մեծ մասամբ կապված են հայերի եւ հրեաների հետ: Հայերը պիտի այնպես անեին, որ Հայաստանն ավելի լավ ճանաչեին:
Ինչ-որ բան է արվում Թուրինում: Մի քանի ամիս հրապարակվում է «Արմենիա» թերթը, ցույց է տալիս, թե ինչպիսին է հայ ժողովուրդը, ինչ է ուզում: Դրանից հետո կարող էին մի շարք գրքեր հրատարակվել, որոնք Իտալիային պատկերացում կտային հայ ժողովրդի մասին»:





























