Գազայի հատվածում փլուզվել է պատերազմի ընթացքում վնասված յոթհարկանի բնակելի շենքը։ Առնվազն 12 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա, ևս 14-ը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը։
Փլատակների տակ կարող է մնացած լինել շուրջ 100 մարդ, հայտնել են պաղեստինյան փրկարարական ծառայությունները։
Փլուզումը տեղի է ունեցել գիշերը։ Փրկարարները շարունակում են մաքրել փլատակները՝ ողջ մնացածներին գտնելու հույսով։ Գազա քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ռաեդ ալ-Դահշանի խոսքով՝ շենքում առնվազն տասը ընտանիք էր բնակվում։ Փրկարարները հայտնել են, որ փլատակների տակից մարդկանց ձայներ են լսվում, ուստի ողջ մնացածներին գտնելու հույսը պահպանվում է։
Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները փորձում բետոնե բեկորների տակից դուրս բերել մարդկանց։ Գործողությանը մասնակցում են քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներ, ՄԱԿ-ի մի շարք կառույցների և եգիպտական օգնության ծառայության ներկայացուցիչներ։ Աշխատանքները բարդանում են ծանր տեխնիկայի պակասի պատճառով. որոշ հատվածներում փրկարարները ստիպված են փլատակները քանդել ձեռքով։
Գազայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի ղեկավար Ալեսանդրո Մրակիչը զգուշացրել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել նոր զոհերի։ Նրա խոսքով՝ տարածքում շուրջ 400 շենք գտնվում է փլուզման վտանգի տակ (հատկապես ձմռանն ընդառաջ)։
Պաղեստինյան կողմի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ծանր տեխնիկայի պակասը կապում են այն Գազա ներմուծելու սահմանափակումների հետ։ Իսրայելը պնդում է, որ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են, որպեսզի սարքավորումները չհայտնվեն զինված խմբավորումների ձեռքում։
Տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության գնահատականներով՝ Գազայում վնասված շուրջ 2 հազար շենք դեռևս օգտագործվում է բնակության համար։ Վրանների պակասի և քամուց ու անձրևից պատսպարվելու անհրաժեշտության պատճառով շատ ընտանիքներ ստիպված են եղել տեղավորվել մասամբ ավերված տներում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո մեկնարկած իսրայելական ռազմական արշավի հետևանքով Գազայում գոյացել է շուրջ 61 միլիոն տոննա շինարարական աղբ և փլատակ։ Դրանց մաքրումը կարող է տևել մինչև յոթ տարի։
Չնայած 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրին՝ լայնամասշտաբ մարտական գործողություններն ամբողջությամբ չեն դադարել։ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Գազայի առողջապահական մարմինների տվյալներով՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհվել է ավելի քան 1300 պաղեստինցի։ Իսրայելցի զինվորականները հաղորդում են իրենց չորս զինծառայողների զոհվելու մասին։





























