Հայաստանում 2020 թվականին անտառներ չեն լինի։ Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տեսակետ հայտնեց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանը։

Նա ներկայացրեց գյուղնախարարության ներկայացրած վիճակագրական տվյալները, որոնք, բնապահպանի խոսքով, չեն համապատասխանում իրականությանը։

«Ըստ այդ վիճակագրության այսօր մեր անտառների տարածքները կազմում են 304,1 հազար հա, այսինքն  երկրի տարածքի 11,2 տոկոսը, սակայն այդ թիվը նույնն էր նաեւ 1992-ին։ Ստացվում է, որ ոչինչ չի փոփոխվել, այնինչ այս տարիների ընթացքում բազմաթիվ հատումներ են կատարվել։  Իսկ պաշտոնյանները չեն ուզում համաձայնել այն տվյալների հետ, որը տրամադրել է ամերիկյան համալսարանը։ Ըստ այդ ուսումնասիրությունների ՝  Հայաստանի անատառածածկ հատվածը կազմում  է հանրապետության ողջ տարածքի 7-8 տոկոսը։ Եթե այսպես շարունակվի, ապա կանխատեսվում է, որ մինչեւ 2020 թվականին մենք անտառ չենք ունենա »,-նշեց բնապահպանը։

«Էկոլուր» -ի նախագահի խոսքով, անտաների կործանումը կբերի նրան, որ մենք կկորցնենք նաեւ մեր ջրային ռեսուրսները, որոնք գոյատեւում են հենց անտառածածկ տարածքներում, կկորցնենք հողը, իսկ դրանք վերականգնելու համար կառավարությունից տասնյակ տարիներ եւ միլիարդավոր դոլարներ կպահանջեն:

Ինգա Զառաֆյանի համոզմամբ, այս հարցը կարելի է լուծել բացարձակապես արգելելով անատառահատումները։

Ի դեպ, նա ներկայացրեց նաեւ հետաքրքական մի փաստ. այն վայրերում, որտեղ ակտիվիստ բնապահպանները բացահայտում են ծառահատման այս կամ այն դեպքը, շատ հաճախ ոստիկանները արձանագրություն կազմելու փոխարեն,  փորձում են ակտիվիստներին պատասխանատվություն ենթարկել։