Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը համեմատել է նացիստական օկուպացիայի եւ այսօրվա ռուսական ագրեսիայի հետ։ Այս մասին նա ասել է աղետի տարելիցի կապակցությամբ ելույթ ունենալիս, փոխանցում է «112 Ուկրաինան»։
«Ուկրաինայի ժողովրդի պատմական ճանապարհին Չեռնոբիլի վթարը տեղ է զբաղեցրել նացիստական օկուպացիայից ռուսական ագրեսիայի կիսաճանապարհին»,- ասել է Պորոշենկոն։
Նրա խոսքով՝ Կիեւը աղետի հետեւանքները վերացնելու համար լրջագույն ռեսուրսների կարիք ունի, սակայն հիմա երկիրը ստիպված է բյուջեի 1/5-ը ծախսել անվտանգության համար։
1986-ի ապրիլի 26-ին Կիեւի մարզում Չեռնոբիլի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում ատոմային էներգիայի համաշխարհային պատմության մեջ խոշորագույն վթարն էր տեղի ունեցել: Պայթել էր էներգաբլոկի միջուկային ռեակտորը: Շրջակա միջավայր էր արտանետվել ռադիոակտիվ նյութերի մեծ քանակություն: Ճառագայթումից ամենից շատ տուժել էր Բելառուսը, Ուկրաինայի հյուսիսային հատվածը եւ Ռուսաստանի արեւմուտքը:
Ուկրաինայում ճառագայթային աղտոտման ընդհանուր մակերեսը աղետի հետեւանքով 50 հազար քկմ էր կազմել 12 մարզում: Ռադիոակտիվ աղտոտումից տուժել էր նաեւ Բելառուսի տարածքի 46,5 հազար քկմ (ընդհանուր մակերեսի 23 տոկոսը): Մինչեւ 1986-ի վերջը 188 բնակելի վայրից մոտ 116 հազար մարդ էր տեղափոխվել: Վթարից հետո առաջին երեք ամսվա ընթացքում 31 մարդ էր զոհվել, ավելի քան 100 մարդ ճառագայթային հիվանդությամբ էր հիվանդացել:





























