Հնդկաստանը եւ Պակիստանը վերականգնել են երկխոսությունը փոխարտգործնախարարների մակարդակում, նրանց հանդիպումը տեղի է ունեցել Նյու Դելիում «Ասիայի Սիրտ» միջազգային համաժողովի շրջանակում, հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վիկաս Սվարուպը:
«Փոխարտգործնախարարի (Սուբրամանիամ Ջայշիանկարի. խմբ.) մեկ այլ կարեւոր երկկողմ հանդիպում. նա հանդիպել է իր գործընկեր Այզազ Ահմեդ Չոուդհրիին», — իր Twitter-ում գրել է Սվարուպը:
Նյու Դելիում Պակիստանի դեսպանատնից նշել են, որ դիվանագետները «քննարկել են բոլոր չկարգավորված հարցերը, այդ թվում` Քաշմիրի»:
Հնդկաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, Հնդկաստանի ԱԳՆ-ն Պակիստանին կոչ է արել անպատիժ չթողնել ահաբեկիչներին, որոնք Հնդկաստան են ներթափանցում այդ երկրի տարածքից:
Հնդկական կողմը նաեւ ընդգծել է Պաթհանկոտ ավիաբազայի վրա հարձակման եւ Մումբայի ահաբեկչական գործողությունների արագ հետաքննություն իրականացման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի պատժամիջոցային ցուցակում «Ջայշ-է-Մուհամմադ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մասուդ Ազահարին ընդգրկելու անհրաժեշտությունը:
Հնդկաստանի եւ Պակիստանի փոխարտգործնախարարների հանդիպումը պիտի տեղի ունենար հունվարին, սակայն չեղյալ էր համարվել Պաթհանկոտ ավիաբազայի վրա հարձակման պատճառով, որում Հնդկաստանը մեադրում է Պակիստանից երկրի տարածք ներթափանցած ահաբեկիչներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























