Հոկտեմբերի 28-30-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Popok («Պոպոք») գովազդի միջազգային փառատոնը: Միջոցառմանը մասնակցելու հայտեր են ստացվել 22 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Բալթյան երկրներից եւ այլն:

Փառատոնի կազմակերպիչը Հայաստանի գովազդային խորհուրդն է: Խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր` սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ փառատոնը հայաստանյան գովազդային ոլորտում ամենամեծ իրադարձությունն է, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

«Փառատոնը հնարավորություն կընձեռի գնահատելու գովազդի հայաստանյան շուկան, նոր մակարդակի հասցնելու գովազդի երեք օղակները` գովազդատու, գովազդային գործակալություն, սպառող։ Փառատոնը կարող է նպաստել նաեւ հայաստանյան գովազդի շուկայի մրցունակության բարձրացմանը եւ ստեղծագործ մտածելակերպի զարգացմանը»,-նշեց Ա. Մարտիրոսյանը։

«Փառատոնը կոչվում է Popok, քանի որ պոպոքը նման է մարդու ուղեղին, իսկ մենք ցանկանում են հենց մարդու գլխում, ուղեղում ստեղծագործ մտածելակերպը զարգացնել, ինչը շատ կարեւոր է գովազի շուկայում»,-ասաց փառատոնի կազմակերպիչներից Deem Communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբիլյանը։ Նրա համոզմամբ՝ «պոպոքը» հայկական ծագում ունի ու կարող է հիանալի խորհրդանիշ լինել փառատոնի համար։

Նշենք, որ փառատոնի ընթացում գովազդների ցուցադրություններից բացի վարպետության դասերով հանդես կգան գովազդի ոլորտի հայտնի վարպետներ: