Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինի այցը Հայաստան հետաձգվել է: Այցն, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է տեղի ունենար սեպտեմբերի 28-30-ը: Այդ մասին սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հետաձգման պատճառը տեխնիկական է, քանի որ այցի վերաբերյալ պայմանավորվածությունը նախնական էր: Վրաց նախարարը, ըստ ամենայնի, Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-15-ը: Այցի օրակարգը հստակեցվում է:  Նկատենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ավելի վաղ հայտարարել էր, որ վրաց նախարարի այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների կրթական դաշտին վերաբերող, վիրահայությանը հուզող բազմաթիվ հարցեր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Վրաստանի հայ համայանքը Թբիլիսիի թիվ 110, 95 հանրակրթական դպրոցների եւ 146 դպրոցի հայկական հատվածի վերացման առիթով պաշտոնական նամակ էր հղել Դմիտրի Շաշկինին։ Հարկ է նշել նաեւ, որ այս տարի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերը կրճատվել են՝ ի հաշիվ վրացերենի՝ նախկին 8 ժամվա փոխարեն այժմ շաբաթական դասավանդվում է 5 ժամ: Եւ բացի այդ, ինչպես ահազանգում են վիրահայության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները,  այս տարի Ջավախքում գործող դպրոցներում հայոց լեզու եւ հայագիտական առարկաներ դասավանդող հայ ուսուցիչներից շատերին պատկան մարմիններն ազատել են աշխատանքից՝ առանց որեւէ հիմնավոր պատճառ նշելու: