Շվեյցարիայի իշխանությունները մերժել են 2013 թվականին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ բողոքի ցույցը ցրելու ժամանակ սպանված տղայի լուսանկարը փողոցային ցուցահանդեսից հանելու մասին Անկարայի պահանջը: Այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ Gazeta-ի, ցուցադրությունը կազմակերպվել է Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի առջեւ գտնվող հրապարակում: Ցուցահանդեսում ներկայացված են քուրդ-հայկական արմատներով լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի նկարները:
Լուսանկարչի խոսքով, «ցուցահանդեսի առիթով Թուրքիայի ձեռնարկած գործողություններում զարմանալի ոչինչ չկա»:
«Ցուցադրված լուսանկարների հետ կապված թուրքական իշխանությունների պահանջին չհետեւելու որոշումն ընդգծում է Ժնեւի դիրքորոշումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության մայրաքաղաքի»,- հայտարարել են տեղի իշխանությունները:





























