«Միջազգային հանրությունը պիտի պայմանավորվի, թե ինչ կանոններով պիտի ապրենք: Կամ մենք անկյունագլխում պիտի դնենք տարածքային ամբողջականության սկզբունքը եւ բոլորս պիտի հետեւենք այդ սկզբունքին (Այդ դեպքում պետք է Կոսովոն թողնել Սերբիայի կազմում), կամ պետք է ընդունենք ազգերի ինքնորոշման իրավունքը: Եւ այդ իրավունքը պետք է ամրագրենք անկախության ձգտող փոքր ազգերի համար, ինչպես հարավօսական ժողովուրդը, Աբխազիայի ժողովուրդը, եւ այլ ժողովուրդներ»,- Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսին, գրում է «Իզվեստիան»:

«Այժմ նման կանոններ չկան»,- վարչապետի կարծիքով՝ պետությունների զգալի մասն ապրում է երկակի ստանդարտներով եւ, «գտնվելով մի գերտերության՝ ԱՄՆ-ի ճնշման տակ, կատարում են նրա կամքը»: Ընդ որում, Պուտինի խոսքերով, նման իրավիճակը շուտով կփոխվի. «քանի որ ոչ մեկը չի ցանկանում լինել վասալ: Մեզ դա ապացուցում է Բելառուսը»:

Վլադիմիր Պուտինը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախացումը համեմատեց Կոսովոյի նախադեպի հետ. «Բարոյա-էթիկական տեսակետից որեւէ տարբերություն, ըստ էության, չկա»:

Ռուսաստանի վարչապետի խոսքերով, «Ռուսաստանը չի հանդուրժի, ռեվանշի ցանկացած փորձ, ռազմական նոր արկածախնդրությունների կրկնություն Կովկասում»: «Մենք ուշադիր հետեւելու ենք այդ ամենին եւ համարժեք պատասխանելու ենք բոլոր իրադարձություններին»,- ընդդգծել է նա: