Իրանի կրթության եւ գիտության նախարարության պատվիրակության՝ սեպտեմբերին Հայաստան կատարելիք այցը հետաձգվել է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԳՆ մամուլի ծառայության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Նրա տեղեկացմամբ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան հետաձգվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին նրանց մասնակցության պատճառով։

«Իրանի կրթության եւ գիտության երկու փոխնախարարները, ովքեր գլխավորելու էին Հայաստան ժամանող պատվիրակությունը, այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցելու համար պատվիակության կազմում մեկնել են ԱՄՆ, այդ պատճառով էլ այցը մեր երկիր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այժմ Հայաստանի ԿԳՆ միջազգային վարչությունն այդ հարցով բանակցություններ է վարում նրանց հետ»,- նշեց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ իրանական պատվիրակությունն այցի ընթացքում պետք է մոնիթորինգ իրականացներ հայաստանյան մի շարք բուհերում, քննարկեր դիպլոմների փոխճանաչման խնդիրը, հայ-իրանական կրթական համագործակցությունը եւ համատեղ կազմակերպվող օլիմպիադաներին առնչվող հարցեր։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունը կայցելի մի շարք հայկական բուհեր, որոնց կողմից տրված դիպլոմների ճանաչման հետ Իրանում խնդիրներ էին ծագել։ Խոսքը, մասնավորապես, Երեւանի պետական համալսարանի, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի, ինչպես նաեւ պետական Ճարտարագիտական համալսարանի մասին է։

Աշոտյանը հույս էր հայտնել, որ դրանից հետո իրանցի ուսանողների թիվը հայկական համալսարաններում կաճի։

Իրանական բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան նախանշված էր սեպտեմբերի 22-ին եւ պետք է տեւեր երեք օր։