Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի սուր փուլում ձեռք առնված` Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը տապալվել են:
«Ակնհայտ է, որ Ուկրաինայի ճգնաժամի սուր փուլում ձեռք առնված` Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը տապալվել են: Սիրիայում ռուսական ռմբակոծիչի նկատմամբ թուրքական ագրեսիայի գործողությունը վառ կերպով ցույց տվեց, որ դաշինքը դարձել է իր առանձին անդամների արկածախնդրային քաղաքականության պատանդը», — նշել է Շոյգուն չորեքշաբթի Միջազգային անվտանգության մոսկովյան V համաժողովի ընթացքում:
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի դեմ անզիջում տեղեկատվական պատերազմ է ընթանում:
«Ռուսաստանի դեմ դաժան եւ անզիջում տեղեկատվական պատերազմ է ընթանում: Հայտարարություններ են հնչում եվրոպական պետությունների համար Մոսկվայի ներկայացրած սպառնալիքի, մեր երկիրը ռազմական եղանակով զսպելու անհրաժեշտության մասին», — ասել է նա: Նրա խոսքով, «նման գործողությունները հիմնավորելու համար անհեթեթ դրույթ է տիրաժավորվում, թե Ռուսաստանը, իբր, մոտեցել է «նատոյական շեմին»:
«Մի խոսքով, ամեն ինչ գլխիվայր է շրջված», — նշել է ռուսաստանյան նախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Ռուսաստանը դեմ չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը, բայց ուզում է նման արդյունքի հասնել փոխադարձության եւ բոլորի համար հավասար եւ անբաժանելի անվտանգության հիման վրա: Նա հավելել է, որ Ռուսաստանը նախընտրում է ՆԱՏՕ-ի հետ շփվել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե ռազմական թիրախների:
«Բրյուսելից եւ մի շարք այլ մայրաքաղաքներից մեր հասցեին կշտամբանքներ են հնչում, իսկ եթե խոսվում է երկխոսության հնարավորության մասին, ապա միայն իրենց համար առաջնահերթ հարցերի վերաբերյալ, ու բնականաբար` խիստ ուսուցչի տոնով, որը նախատում է ծույլ աշակերտին», — ասել է նա:
Շոյգուն նշել է, որ զինված ուժերի վերահսկողության հին մեխանիզմներն իրենց դարն ապրել են: «Գործող մեխանիզմները երբեմն անբարեխղճորեն են օգտագործվում գործընկերների կողմից: Սովորական սպառազինության նկատմամբ վերահսկողության նոր ճարտարապետություն դժվար կլինի ստեղծել Եվրոպայում վստահության սուր պակասի պայմաններում», — ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:




























