Օդեսա Ազգային գվարդիայի հազարավոր մարտիկներ ուղարկելու մասին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը։
«Պետք է վերջ տալ հիստերիա տարածելուն։ Ռուսամետ, հակապետական ուժերի կողմից սադրանքներ եւ քաղաքում իրավիճակը ապակայունացնելու փորձեր ձեռնարկելու դեպքում իրավապահները կոշտ կարձագանքեն։ Անկարգություններին վերջ կդրվի»,- գրել է նա։
Արսեն Ավակովի խորհրդականը նշել է, որ քաղաքում հիմա հակաահաբեկչական միջոցառումներ են ընթանում։ «Օդեսա Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր մտցնելու անհրաժեշտություն չկա»,- նշել է Շկիրյակը՝ Սահակաշվիլիին խորհուրդ տալով իր վրա չվերցնել գլխավոր հրամանատարի գործառույթը։





























