Հրթիռային ոլորտում խափանումներին ժամանակին արձագանք պիտի հետեւի, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետհանձնաժողովի նիստին, որը քննարկում էր երեք արբանյակով զինված «Սոյուզ-2.1ա» հրթիռի արձակման հետաձգման պատճառները:
«Ռուսաստանն առաջատար է մնում արձակումների թվով, դա լավ է, բայց այն, որ մենք մեծ թվով խափանումների ենք բախվում, վատ է եւ պիտի ժամանակին արձագանքի արժանանա», — նշել է նա:
«Եթե դա (խափանումները) կապված են փնթիության, կարեւոր գործընթացների անբավարար վերահսկողության հետ, ուզում եմ հասկանալ, տեսնել, թե նման դեպքերում ինչպես է ընթանում թռիչքների վերլուծությունը», — հայտնել է նա:
Պուտինը հիշեցրել է, որ շինարարությունը հեշտ չի ընթացել, բազմաթիվ խնդիրներ են եղել, մասնավորապես` քրեական վեց գործ է հարուցվել, չորս մարդ կալանքի է առնված, երկուսը քննչական մեկուսարանում են, եւս երկուսը` տնային կալանքում: «Եթե նրանց մեղքն ապացուցվի, ստիպված կլինեն տնական տաք անկողինը փոխարինել բանտային քնադարակներով», — նշել է Ռուսաստանի ղեկավարը,-հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սոյուզ-2.1ա» հրթիռի արձակումը, որն առաջին մեկնարկն էր «Վոստոչնի» նոր տիեզերակայանից, պիտի կայանար ապրիլի 27-ին, Մոսկվայի ժամանակով 05:01-ին: Մեկ ու կես րոպե առաջ արձակումը չեղյալ է համարվել: Առայժմ պահուստային ամսաթիվ է համարվում ապրիլի 28-ը:





























