21 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը` վիրավորվել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թորքհամ քաղաքում տեղի ունեցած աhաբեկչության հետևանքով,- հաղորդում է France-Presse գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել Թորքհամ քաղաքում ոստիկանների համար նախատեսված զորանոցների տարածքում. մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել այն ժամանակ, երբ ոստիկանները պատրաստվում էին նշել մահմեդականների համար սրբազան Ռամազան ամսվա պահքի ավարտը։
Բոլոր զոհվածները, ըստ նախնական տեղեկությունների, ոստիկաններ են։ Ահաբեկչության պատասխանատվությունը մինչ այժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել։
Ներկայումս քաղաքի հիվանդանոցները լեփ-լեցուն են պայթյունի հետևանքով վիրավորված մարդկանցով, նրանցից ոմանց վիճակը գնահատվում է որպես ծանր։




























