Հայոց ցեղասպանությունը պետք է կոչվի ցեղասպանություն եւ որեւէ այլ սահմանում չի կարող բավարարող լինել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Իրերն իրենց անունով կոչելու ժամանակն է: Մենք չենք կարող ցեղասպանությունը որեւէ այլ կերպ կոչել: Այն, ինչ տեղի է ունեցել 1915-1923 թվականներին, որը հանգեցրել է 1,5 մլն հայերի ոչնչացման, ցեղասպանություն է: Որեւէ այլ սահմանում չի կարող ընդունելի լինել եւ մենք պետք է ընդունենք դա»,-հայտարարել է սենատորը:
Մենենդեսի խոսքով, Ցեղասպանության կամ Հոլոքոստի ժխտողները հնարավորություն են տալիս այլոց կրկին նման հանցագործություններ գործել առանց որեւէ հետեւանքների:
«Հիտլերը Հոլոքոստն իրականացնելուց առաջ ասում էր՝ «ո՞վ է այսօր հիշում հայերի մասին: Հայերի մասին հիշում է ԱՄՆ Կոնգրեսը, եւ մենք մենք չենք հանձնվի, մինչեւ հասնենք ճանաչման»,-հայտարարել է Մենենդեսը:





























