Գերմանական գամփռը օգնել է ամերիկյան Ֆլորիդայի  նահանգում այրվող տնից փրկել երկու երեխայի: 

Ֆիզեր ընտանիքի հարեւանները կրակ են նկատել եւ հրշեջների են կանչել: Տանն է գտնվել Մաքս շունը, որը հրշեջ ծառայության աշխատակիցներին տարել է ներսում գտնվող երկու եւ չորս տարեկան երեխաների մոտ: 

Երեխաներն ու նրանց ծնողները հիվանդանոց են տեղափոխվել, նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն: Ընտանիքի տունն այրվել է, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով People-ին:

GoFundMe կայքում միջոցներ են հավաքվում բժշկական, անասնաբուժական եւ այլ ծախսերի համար: Անհրաժեշտ  75 հազար դոլարից հավաքվել է ավելի քան 15 հազար դոլարը:

Մաքսի մոտ ծխից թունավորում են ախտորոշել, նրան արդեն օգնություն են տրամադրել: