Հարյուրավոր ահաբեկիչներ Եվրոպա են ներթափանցել փախստականի անվան տակ, հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում Միջազգային անվտանգության V համաժողովին:

«Փախստականների անվան տակ եվրոպական երկրներում ներդրվել են տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր ահաբեկիչներ, որոնք այնտեղ իրենց ահաբեկչական բջիջներն են ստեղծել», - ասել է նա:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվացնում է հետախուզական գործունեությունը Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ: 

«Ակտիվանում է Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների գործունեությունը Բելառուսի, ՌԴ-ի դեմ: Հետախուզական ավիացիայի թռիչքները սահմաններից վտանգավոր հեռավորության վրա առօրեական երեւույթ են դարձել», - ասել է նա:

Բացի այդ, նրա խոսքով, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուց անմիջական հեռավորության վրա շարունակվում է ռազմական խմբավորումների աճեցումը:  «Ռազմական բազաներ եւ կառավարման կետեր են ստեղծվում Բալթիայի երկրների, Ռումինիայի, Բուլղարիայի, Լեհաստանի եւ այլ երկրների տարածքում», - նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ն ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմ է ձեւավորում եւ հատուկ ուշադրություն է հատկացնում կազմակերպության ռազմական բաղադրիչին ահաբեկչական սպառնալիքի պայմաններում: Նա ընդգծել է, որ միաժամանակ  «հիմնական ուշադրությունը հատկացվում է համատեղ ուժերի գործնական ձեւավորմանը»: