ԱՄՆ-ում վիզային խախտումների գործով ձերբակալվել են Սան Բեռնարդինոյից ահաբեկչի եղբայրը՝ Ռահիլ Ֆարուքն ու երկու ռուսաստանցիներ՝ նրա կին Տատյանա Ֆարուքն ու վերջինի քույր Մարիա Չոռնին: Ֆարուք ամուսիններին մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում, Չոռնիին՝ 25 տարվա բանտարկություն:
Նրանց մեղադրում են հանցավոր համաձայնություն ձեռք բերելու մեջ՝ Մարիա Չոռնիի համար միգրացիոն փաստաթղթեր ստանալու համար: Հետաքննության կարծիքով, Չոռնին կեղծ ամուսնություն է ձեւակերպել ահաբեկիչ Սայեդ Ռիզվան Ֆարուքի ընկերոջ՝ Էնրիկե Մարկեսի հետ: Իսկ Տատյանա եւ Ռահիլ Ֆարուքներին մեղադրում են այդ ամուսնության վերաբերյալ կեղծ ցուցմունքներ տալու համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Սայեդ Ռիզվան Ֆարուքը կնոջ՝ Թաշֆին Մալիքի հետ 14 մարդու էր սպանել: Ամուսինները սպանվեցին ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում:
Փոխհրաձգությունից կարճ ժամանակ առաջ ահաբեկիչները հայտարարել էին, որ գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:





























