Թուրքիայում կազմակերպված գեղեցկության մրցույթում, որին մասնակցում էին 20 երկրների մասնակիցներ, հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող 25-ամյա Մարինա Ավետյանը:

Թուրքիայի Բոդրում ծովափնյա քաղաքում թուրքական հայտնի տուրօպերատոր Jolly tur-ի կազմակերպած միջազգային տուրիզմի գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Club Catamaran-ում:

Թե մրցույթի ժյուրիի, թե հանդիսատեսի կողմից մրցույթի անվիճելի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Մարինա Ավետյանը:  Հայ գեղեցկուհին նշել է, թե երջանիկ է, որ հարեւան երկրում դարձել է տուրիզմի գեղեցկուհի:

Մրցույթում 2-րդ տեղն է գրավել ուկրաինուհի 22-ամյա Աննա Բոիկոն, իսկ Գերմանիան ներկայացնող 26-ամյա Նինա Ռիտտինգհաուսը եզրափակել է լավագույն եռյակը:

Նշենք, որ օրեր առաջ Բոդրում ժամանած գեղեցկուհիներն այցելել են Իզմիրի Մարիամ Աստվածածնի սրբավայր, մոմ վառել եւ միասին աղոթել խաղաղության համար:  Իսկ մրցույթին մասնակցող թուրք գեղեցկուհի Նեսիլհան Մալթեփեն նշել է, թե հայ գեղեցկուհու հետ միասին, խաղաղության համար ցանկություն է պահել եւ հավելել, թե հուսով է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կկարգավորվեն: