Այսօր` սեպտեմբերի 29-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, Արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի, Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինիի եւ Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 28-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, ժամանել է Բեռն: Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաքում պատվիրակությանը միացել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը:

ԱԺ պատվիրակության առաջին հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ էր: Հ. Աբրահամյանը նշել է, որ խորհրդանշական է, որ բարեկամական երկրում իր առաջին հանդիպումը կայանում է հենց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի հետ, որի ծավալած եռանդուն եւ անաչառ գործունեության շնորհիվ է նաեւ, որ երկու երկրների միջեւ զարգանում եւ խորանում են բարեկամական հարաբերությունները: ԱԺ նախագահը նշել է, որ երկու ժողովուրդները նույն հոգեւոր եւ մշակութային արժեքների կրողներն են, երկու երկրները գրեթե նույն բնապատկերն ունեն, չունեն ելք դեպի ծով, սակայն ունեն համոզմունքներ, հմտություններ եւ գիտելիքներ: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունը հայտնեց 2003 թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային Խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար եւ այդ գործում ընդգծեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի ծավալած ակտիվ գործունեությունը: Նա գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խմբի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար:

Շվեյցարացի պատգամավորներն անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոնայք Լոյենբերգերը եւ Դը Բյումանը կարեւորել են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատումը եւ նշել, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` ինքնորոշման սկզբունքի հիման վրա: