Այսօր` սեպտեմբերի 29-ին Խանտի Մանսիյսկում տեղի կունենա ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են` գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը:
Խանտի Մանսիյսկում Անատոլի Կարպովը հայտարարել է, որ ինքն ու Գարի Կասպարովը միավորվել են, քանի որ կանգնած են անդունդի եզրին. Շախմատի նկատմամբ հասարակության հետաքրքրության կտրուկ անկում կա, եւ եթե այդ իրավիճակը շարունակվի եւս չորս տարի, հետեւանքները շախմատային աշխարհի համար կարող են աղետալի լինել:
Անատոլի Կարպովն ու ԳարիԿասպարովը մամուլի ասուլիսում ներկայացրել են Շախմատի համաշխարհային ֆեդերացիաի բարեփոխման ծրագիր, որը Կարպովի նախընտրական ծրագրի հիմքում է դրված:
Եթե Անատոլի Կարպովը դառնա նախագահ, ապա առաջին հերթին կվերացնի միջազգային կոչումների համար գանձվող բոլոր վճարները. «Այսօր միջազգային գրոսմայստերի, վարպետի, ՖԻԴԵ-ի վարպետի, սպորտի վարպետի թեկնածուի, միջազգային մրցավարի եւ մարզչի կոչումների համար պետք է վճարել: Արդյունքում ստացվում է, որ բարձր մակարդակի շախմատիստների այդ հսկայական խմբի համար վճարում են ազգային ֆեդերացիաները», - նշել է Կարպովը:
Նա ընդգծել է, որ առաջիկա չորս տարում ազգային ֆեդերացիաները կազատվեն բոլոր մյուս մուծումներից, նույնիսկ անդամության համար, հաղորդում է «Յուգրա-Ինֆորմը»:
Ըստ Կարպովի, համաշխարհային ֆեդերացիան պետք է զարգանա սեփական գործունեության եւ հովանավորների հաշվին: ՖԻԴԵ-ի առաջնահերթային ուղղություններից կարող է դառնալ ինտերնետը, որտեղ տարեկան 400 միլիոն պարտիա է խաղացվում: Կարպովի խոսքով, այսօր գլոբալ ցանցի ռեսուրսները ընդհանրապես չեն օգտագործվում:
«ՖԻԴԵ-ն ազգային ներկայացուցչությունների թվով աշխարհի չորրորդ միջազգային ֆեդերացիան է, սակայն այսօր ոչ մի կոպեկ հովանավորների միջոց չունի: Համակարգը, որտեղ ՖԻԴԵ-ն ապրում է ֆեդերացիաների հաշվին, պետք է շրջվի եւ վերադարձվի նորմալ վիճակի: ՖԻԴԵ-ն պետք է օգնի ֆեդերացիաներին, ոչ թե ապրի նրանց հաշվին», – ասել է Կասպարովը:
Նա նաեւ հայտնել է, որ Կարպովի թիմի գլխավոր նախագծերից մեկը կլինի ունիվերսալ ռեյտինգային համակարգի ստեղծումը: Խոսքը շախմատային ֆեյսբուքի մասին է: Այն ունի հսկայական կոմերիցիոն ներուժ, քանի որ յուրաքանչյուրն ուզում է իրեն զգալ մեծ համակարգի մասը լավագույն շախմատիստների հետ: «Այդ համակարգին մասնակցելու համար, նույնիսկ չնչին վճարը բազմապատկած միլիոնի կտա հսկայական շահույթ», - ավելացրել Կասպարովը:
Բացի այդ, Կարպովի շտաբը մտադիր է այսօր գործող կառավարման ուղղահայաց համակարգի փոխարեն ստեղծել հորիզոնական տարածք` ասոցիացիաների մեծ քանակով: ՖԻԴԵ-ն հասցեական օգնություն ցույց կտա այդ մեծ հորիզոնական կլաստերներին:


























