Խանտի Մանսիյսկում շարունակվում են ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները: Պաշտոնին հավակնում են գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը:
Կոնգրեսի աշխատանքի մասին լրագրողների հետ զրույցում հուզական գնահատական է տվել աշխարհի 13-րդ չեմպիոն ԳարիԿասպարովը, ով Կարպովի թիմից է:
«Սա Ասամբլեա չէ, այլ քաղաքական մատնոցների խաղ: Ընթանում է անհրաժեշտ որոշումների քաղաքական պարտադրում: Անատոլի Կարպովը սովոր է խաղալ կանոնների համաձայն, իսկ մեզ առաջարկում են «շուլերական ռազվոդկա»:
Միջադեպը տեղի է ունեցել նիստի մեկնարկից կես ժամ անց: Կասպարովի խոսքով, վեճը կապված է այսպես կոչված «պրոքսի ցուցակի» հետ: Այդ ցուցակում ընդգրկված են 56 երկրներ, որոնք իրենց ձայնը տվել են այլ պետությունների, առանց դիրքորոշման փոփոխության իրավունքի: Գործը հասել է փոխադարձ մեղադրանքների: Կասպարովի ելույթը եղել է ամենահուզականը: Այն ուղղված է եղել օրինական ընթացակարգի պահպանման օգտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պրոքսի ցուցակը հրապարակելուց առաջ տեղի է ունենում պատվիրակների հրապարակային «հարցում» եւ հաստատում, հետո միայն ստուգվում է Ասամբլեային ներկա երկրների պատվիրակների ներկայությունը: Իսկ այստեղ խախտվեց ընթացակարգը, եւ քանի որ պայքար է գնում յուրաքանչյուր ձայնի համար, կարեւոր է ամեն երկրի դիրքորոշման նախնական քննարկումը: Մենք ուղղակի պնդել ենք օրենքի պահպանման վրա»,- ասել է Կասպարովը:
Որպես օրինակ նշենք, որ Քենիան քվեարկելու իր իրավունքը տվել է Զամբիային, Քուվեյթը` ԱՄԷ-ին, Լիխտենշտեյնը` Շվեյցարիային, Մյանմարը` Չինաստանին:
«Վերջին օրերին պատվիրակների վրա ահավոր ճնշում է գործադրվում: Գիտեմ, որ Աֆրիկայի մի քանի երկրների պատվիրակների տուն են ուղարկել` նրանցից վերցնելով պրոքսի ձայներ»,- եզրափակել է Կասպարովը:




























