Սփյուռքի նախարարության ստեղծման երկամյակի կապակցությամբ այսօր` սեպտեմբերի 29-ին կառավարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ասուլիսն Online ռեժիմով հեռարձակվեց նաեւ Սփյուռքի գաղթօջախներում։ Հավանաբար այդ պատճառով ասուլիսին ներկա էին ավելի շատ նախարարության ներկայացուցիչներ, քան լրագրողներ։ Նախարարի ներածական խոսքը տեւեց 45 րոպե՝ բացառիկ երեւույթ հայաստանյան ասուլիսներում։ Դրանից հետո պարզվեց, որ կան գրավոր հարցեր, ինչին լրագրողները առաջին անգամ էին ականատես լինում։ Հավանաբար գրավոր հարցերն ուղղել էին նախարարության աշխատակիցները, իսկ լրագրողների մի մասը ժամանակից շուտ լքեց ասուլիսը։ Ընդհանրապես՝ սույն միջոցառումը, որին դժվար էր ասուլիս անվանելը, ավելի շուտ ուղղված էր Սփյուռքի լսարանին, եւ կարելի է համարել նախարարի հաշվետվությունը կատարած եւ կատարվելիք աշխատանքների մասին։
Հ. Հակոբյանի տեղեկացմամբ՝ նախարարությունը ստեղծվել է սփյուռքահայերի պահանջով, որպեսզի նրանց խոսքը, պահանջները եւ խնդիրները հասնեն կառավարությանն ու նախագահին։ Սակայն մինչ այժմ, ըստ Հ. Հակոբյանի՝ Սփյուռքին լավ չենք ճանաչում, քանի որ այն բազմաշերտ է, բազմակարիք, բազմակարծիք եւ բազմադեմ։ Սակայն այդ 7 միլիոնանոց զանգվածը, նախարարի ներկայացմամբ, կարելի է համախմբել հետեւյալ հարցերի շուրջ.
- ԼՂՀ խաղաղ կարգավորում
- Ցեղասպանության միջազգային ճանաչում,
- Հայաստանի եւ Արցախի անվտանգություն եւ հզորացում,
- Սփյուռքի ուծացման դեմ պայքար եւ հայապահպանություն,
- Հայ եկեղեցու շուրջ հայ ժողովրդի համախմբում։





























