Չեմպիոնների լիգայում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» կազմում նա 90 րոպե անցկացրեց «Բրագայի» հետ խաղում: Ուկրաինայի չեմպիոնը հաղթեց 3:0 հաշվով: Մխիթարյանն իր տպավորությունների մասին պատմել է «Տերրիկոնին»:

«Չեմպիոնների լիգան լրիվ այլ մակարդակ է: Իհարկե Ուկրաինայի առաջնությունում եւս լինում են այսպիս լուրջ հանդիպումներ, սակայն սա լրիվ ուրիշ է: Չեմ կարող ասել, թե վստահ էի հիմնական կազմում հայտնվելու հարցում: Սակայն մարզիչը իր վրա վերցրեց այդպիսի պատասխանատվություն: Եվ ես արեցի ամեն ինչ, որ նա գոհ լինի:

Ընդմիջմանը մարզիչն ասաց, որ հնարավոր է ես սկսեմ խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ խաղադաշտում կհայտնվի Ժադսոնը: Սակայն, եթե նույնիսկ մարզիչը ինձ փոխարիներ ես դեմ չէի լինի, որովհետեւ սա ֆուտբոլ է, եւ եթե ես օգուտ չեմ բերում թիմին` պետք է չլինեմ դաշտում:

Համաձայն չեմ, թե մենք հեշտ հաղթանակ տարանք: Առաջին խաղակեսում շատ ծանր էր, քանի որ կոշտ պայքար էր: Մենք մրցակցի նման չէինք նյարդայնանում եւ պահպանեցինք 0:0 ոչ ոքին մինչեւ ընդմիջում եւ դա մեր օգտին էր: «Բրագան» խաղում էր տանը եւ ստիպված էր հարձակվել հաղթելու համար: Բայց մեզ հաջողվեց իրացնել մեր պահերը եւ հաղթել 3:0 հաշվով»,- ասել է Մխիթարյանը: