Առաջիկա նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսացությունը չի սատարի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հանդես կգա սեփական թեկնածուով: Այս մասին սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ժառանգությունն» առաջիկա նախագահական ընտրություններում սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա նշեց, որ բացառված է նման հեռանկարը՝ աչքի առաջ ունենալով Երեւանի ավագանու ընտրությունների տխուր փորձը: Բացի այդ, ըստ Մարտիրոսյանի, «նույն գետը երկու անգամ չեն մտնում»:
Հաջորդ նախագահական ընտրություններում «Ժառանգությունը» հանդես կգա սեփական թեկնածուով, ով լինելու է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Մարտիրոսյանը չբացառեց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ դաշինք կազմեն եւ միասնական ցուցակով մասնակցեն ընտրություններին: Նա միաժամանակ չբացառեց, որ «Ժառանգությունը» միայնակ մասնակցի ընտրություններին, թեեւ միասնական ճակատով հանդես գալու կողմնակից է, ինչի մասին հայտարարվեց կուսակցության վերջին համագումարում:





























