«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընդդիմադիր դաշտ մղելու մասին որոշ լրատվամիջոցներում վերջերս շրջանառվող լուրերը ծիծաղաշարժ եւ անտրամաբանական են, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, այդ խոսակցություններն այնքան պարզունակ եւ հիմար են, որ մեկնաբանության կարիք չէին ունենա, եթե մշտական բնույթ չկրեին։ Նաիրա Զոհրաբյանն այդ շշուկների պատվիրատուներին խորհուրդ տվեց չզբաղվել անօգուտ գործով. «Քաղաքական դաշտում ԲՀԿ տեղն ու դերը ժողովուրդը վաղուց է որոշել»։

Նա նաեւ հերքեց կուսակցության շարքերը զանգվածաբար լքելու մասին լուրերը։ «ԲՀԿ ռեյտինգի բարձրացման մասին են վկայում բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները»,- հավաստիացրեց պատգամավորը՝ նշելով, որ ԲՀԿ շարքերը ոչ միայն չեն նոսրանում, այլեւ ամեն օր համալրվում են։

Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ բացել փակագծերը, թե ով եւ ինչ նպատակներով է նմանատիպ լուրեր տարածել։ «Այդ լուրերն այնքան աբսուրդ են, ծիծաղաշարժ եւ անտրամաբանական, որ մենք անգամ չենք հետաքրքրվում, թե ով եւ ինչ նպատակներով է դրանք տարածում»,- հավատացրեց Զոհրաբյանը։