Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսում եւ Հալեպ քաղաքում լռության ռեժիմը մայիսի 7-ից 72 ժամով երկարացվել է: Այս մասին հայտնում է Սիրիայի տարածքում թշնամական կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնը ՌԴ ՊՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրությամբ:

«Իրավիճակի հետագա սրումը կանխելու համար ռուսական կողմի նախաձեռնությամբ Լաթաքիա նահանգի հյուսիսային շրջաններում ու Հալեպ քաղաքում լռության ռեժիմը մայիսի 7-ի ժամը 00:00-ից երկարացվել է 72 ժամով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հալեպում «լռության ռեժիմն» ուժի մեջ է մտել մայիսի 4-ին տեղական ժամանակով 01:00-ին: Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում կրակը պետք է ամբողջովին դադարեցվի 48 ժամով:

Միաժամանակ լռության ռեժիմը երկարացվել է նաեւ Լաթաքիա նահանգի հյուսիսում ու Արեւելյան Գութայում: Ռազմական գործողությունները այնտեղ դադարեցվել են ապրիլի 30-ին ՝ ռուսական ու ամերիկյան կողմերի նախաձեռնությամբ ՝ Սիրիայի ղեկավարության ու չափավոր ընդդիմության հետ համաձայնեցնելուց հետո:

«Լռության ռեժիմը» ամբողջովին պահպանվել է Լաթաքիա նահանգի հյուսիսում ու Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում, սակայն «Ջաբհաթ ան նուսրա» խմբավորման ահաբեկիչները շարունակում են սադրանքները, որոնք ուղղված են Հալեպում «լռության ռեժիմը» խախտելուն, ասվում է հաղորդագրության մեջ: