Քենիայի իշխանությունները նախատեսել են փակել երկրի տարածքում փախստականների բոլոր ճամբարները: Այդ մասին հայտնել է Քենիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Կարանջա Կիբիչոն:
Իշխանությունների կարծիքով, ճամբարները բացասական ազդեցություն են ունենում երկրի տնտեսության եւ անվտանգության վրա: Երկրի ԱԳՆ-ում նշել են, որ փակման որոշումը գլխավորապես կապված է Սոմալիից ապաստան խնդրողների հոսքի հետ, հայտնում է Deutsche Welle-ն:
Վերացվող ճամբարների թվում է, մասնավորապես, Դաադաբը Քենիայի արեւելյան հատվածում, որում 328 հազար մարդ է ապրում, հիմնականում Սոմալիից եկածներ, եւ Կակումեն` Հարավային Սուդանից 190 հազար փախստականներով:
Երկրի կառավարությունը նաեւ լուծարել է փախստականների հարցերի, մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցության վարչությունը:
Քենիան վերջին 25 տարվա ընթացքում փախստականներ է ընդունել հարեւան մի շարք երկրներից, որոնք բախվել էին ձգձգվող քաղաքացիական պատերազմների:
Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են քենիական իշխանությունների որոշումը, հայտնում է Gazeta-ն:




























