Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը կսկսի օգտագործել Յունիկոդ (Unicode) կոդավորման հայկական տառատեսակներ՝ «Գրապալատ» եւ «Մարիամ» անվանումներով: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարարության ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Գույումջյանը:

Հիշեցնենք, որ 2010-ի սեպտեմբերի 24-ին Կառավարության նիստում հաստատվել է  «ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն՝ պետական պաշտոնական ողջ փաստաթղթաշրջանառությունը իրականացվելու է  Յունիկոդ (Unicode) կոդավորման համակարգով։

«Գրապալատը» հիմնականում որպես էկրանային տառատեսակ կկիրառվի ինտերնետային պաշտոնական կայքերում, իսկ «Մարիամը»՝ որպես տպագրական հիմնական տառատեսակ կլինի փաստաթղթասշրջանառության մեջ»,-ասաց Գ. Գույումջյանը։ Նրա խոսքով՝ նոր տառատեսակների միջոցով կլուծվեն մի շարք խնդիրներ՝ այդ թվում հեղինակային իրավունքի խնդիրը, քանի որ ընտրված տառատեսակները հանդիսանում են ՀՀ սեփականությունը եւ դրանց կիրառումը լիովին օրինական է։

«Ներկայումս համակարգչային յունիկոդ կոդավորմամբ հայերեն տառատեսակների կիրառումը հեղինակային իրավունքի խախտում է, եւ բացի այդ, գոյություն ունեցող տառատեսակներում շատ հաճախ բացակայում են որոշ հայկական սիմվոլներ, իսկ նոր ստեղծված հայկական տառատեսակներում այդ ամենը ներառված է»,-ասաց Գ. Գույումջյանը։ Ըստ նրա, նոր տառատեսակների ընտրությունը նախեւառաջ պայմանավորված է նրանով, որ նորաստեղծ տառատեսակները հաղթող են ճանաչվել «Գրանշան»  միջազգային մրցույթում, համապատասխանում են տառատեսակների համար ընդունված ստանդարտներին եւ անցել են ժամանակակից տառերի համար նախատեսված փորձագիտական ուսումնասիրություն։    

Գ. Գույումջյանը նշեց նաեւ, որ արդեն  իսկ գոյություն ունեցող հայերեն տառատեսակներով հավաքված տեքստերը կարելի է հեշտությամբ փոխարկել նոր տառատեսակների՝ առանց որեւէ խնդրի։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Մշակույթի նախարարության ինտերնետային կայքում «Գրապալատ» եւ «Մարիամ» տառատեսակները արդեն իսկ տեղադրված են, իսկ մյուս պետական կայքերում դրանք շուտով կհայտնվեն, որից ցանկացողները կարող են ազատ օգտվել։