Թուրքիայում նշվել է Մանազկերտի ճակատամարտի 938 ամյակը, որի ժամանակ միջադեպ է ծագել քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամների եւ թուրք պաշտոնյաների միջեւ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Radikal»-ը:
Մանազկերտի ճակատամարտում Ալփարսլանի կողմից տարած հաղթանակը նշելու կապակցությամբ Հաղթանակի հուշարձանի մոտ հավաքված են եղել Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը, Մուշի նահանգապետ Էրդողան Բեքթաշը, կայազորային հրամանատար Բուրհանեթին Աքթըն եւ Բինգյուլի նահանգապետ Իրֆան Բալքանլըօղլուն։ Միջոցառման ժամանակ թուրք պաշտոնյաները թույլ չեն տվել, որ ելույթ ունենա Մանազկերտի ազգությամբ քուրդ քաղաքապետ Նուրի Բալջըն։ Բալջըն քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավորին եւ Մուշի նահանգապետին ու պետնախարարին խնդիրը բացատրել է, սակայն ելույթի իրավունք չի ստացել։ Մանազկերտի քաղաքապետը նշել է, որ եթե ելույթ ունենար, պետք է հիշեցներ, որ Մանազկերտում բյուզանդական բանակի եւ սուլթան Ալփարսլանի միջեւ ճակատամարտի ավարտից հետո, Ալփարսլանը ասել է, որ եթե քրդական 20 հազարանոց հեծելազորը չլիներ նա այդ ճակատամարտում չէր հաղթի։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Մանազկերտի ճակատամարտը տեղի է ունեցել 1071 թվականին, որի ժամանակ բյուզանդական բանակը պարտություն կրեց թյուրքական ցեղերի առաջնորդ Ալփարսլանից, իսկ բյուզանդական կայսրը գերի ընկավ։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը վերջերս ընդդիմության կողմից հնչած այն մեղադրանքներին, թե նախագահ Գյուլը Բիթլիսի ավաններից մեկը անվանել է հին անունով, պատասխանել է, որ Ալփարսլանը, երբ գրավեց Մանազկերտը անունը չփոխեց, չնայած, որ Մանազկերտը հայկական անունն էր։




























