Ադրբեջանական haqqin.az գործակալությունն այնքան հեռուն է գնացել, որ որոշել է Բաքվում ԱՄՆ դեսպանատանը վերագրել հայտարարություն, որը դիվանագիտական ներկայացուցչությունը պարզապես չի արել։
Այսպես՝ կայքում հոդված էր հայտնվել, որում դեսպանատունն իր միանշանակ կտրուկ կարծիքն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ։
Քանի որ հոդվածն ակնհայտորեն չէր համապատասխանում դիվանագիտական էթիկային, NEWS.am-ը դիմել է Երեւանում ԱՄՆ դեսպանատանը՝ համոզվելու համար, թե արդյոք հոդվածում ներկայացված են իրակա՞ն հայտարարություններ, թե՞ ադրբեջանցի լրագրողների ենթադրությունները։
Բաքու հարցում ուղարկելուց հետո Երեւանում ԱՄՆ դեսպանատնից մեզ հայտնեցին, որ, Բաքվից իրենց ստացած պատասխանի համաձայն, haqqin.az գործակալությունից դեսպանատուն հայց չի ստացվել, եւ հետեւաբար, նրանց պատասխան չի տրվել։ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ենթադրում է, որ լրատվամիջոցը պետդեպի ներկայացուցչի հայտարարությունից մի հատված է վերցրել եւ սխալ մեկնաբանել այն։




























