ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:
Արցախի ԱԳ նախարարը Եվրամիության ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, հանրապետությանը հասցված վնասը, ադրբեջանցի զինվորականների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների փաստերը:
Հանդիպումից հետո Կարեն Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր հիմնական նպատակն էր՝ զրուցակցին տեղեկացնել ապրիլի սկզբի իրադարձությունների եւ քառօրյա պատերազմի հետեւանքների մասին: Նախարարն ընդգծեց, որ հետեւանքներ են եղել ոչ միայն բանակցային գործընթացի, այլեւ տարածաշրջանային անվտանգության եւ Արցախի կյանքի համար:
«Ես ընդգծեցի այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ տեղ են գտել ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ»,- նշեց նա:
Կարեն Միրզոյանի խոսքով, պետք չէ միջազգային հանրությունից արագ արձագանք ակնկալել: Հարկավոր է տեղեկացնել նրանց եւ հետեւել իրադրությանը:




























