Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սագսյանն իր տեսակետն է ներկայացրել Ադրբեջանի ապակառուցողական եւ ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման եւ բանակցային գործընթացին խոչընդոտելու՝ այդ երկրի դրդապատճառների մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ նախագահն ընդգծել է նման անթույլատրելի եւ դատապարտելի երեւույթներին միջազգային հանրության եւ մասնագիտացված կառույցների կողմից համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում նշվել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Կողմերն ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: