«Ազատագրված տարածքներում հոկտեմբերի 4-14-ին նախատեսվող դաշտային փաստահավաք առաքելության նպատակների շուրջ մեզանում վերջին օրերին ծավալվող սուր քննարկումներն աստիճանաբար բացահայտում են արտաքուստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «հերթապահ միջոցառման» տպավորություն ստեղծող այս ձեռնարկի հնարավոր վտանգները»,-գրում է «Հայոց աշխարհը»:

«Ակնհայտ է, որ մինչ օրս չեն հստակեցվել նման վիճահարույց առաքելության հետ կապված բազմաթիվ հարցեր, մինչդեռ ուր որ է կժամանեն Մինսկի խմբի համանախագահները, նրանց միացած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները: Վիճահարույց առաքելություն, քանզի այս միջոցառումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի առաջադրած, բայց ժամանակավորապես հետ վերցրած բանաձեւի «լույսի ներքո», ուստի միջազգային ասպարեզում Հայաստանի վրա գործադրվող քաղաքական ճնշման թյուր տպավորություն է ստեղծում: Ներկա պահին անհանգստության պատճառ դարձող հարցերից, սակայն, ամենակարեւորը առաքելության երթուղին է: Պատճառն այն է, որ թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղօրոք խոստացել էին պահպանել «պարիտետը», այսինքն՝ ԼՂՀ-ի կողմից վերահսկվող տարածքների հետ միասին այցելել նաեւ Շահումյանի շրջան եւ Ադրբեջանի օկուպացրած ԼՂՀ այլ հատվածներ, բայց հայտնի է, որ Բաքուն դեմ է նման տարբերակին: Այնպես որ այս անգամ էլ իր համաձայնությունը չի տա»,-նկատում է օրաթերթը: