Երեւանի քաղաքապետարանն սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր մասնավոր մի ընկերության, պայմանով, որ վերջինս ապահովի զբոսայգու խնամաքն ու բարեկարգումը, բայց նա այդ ուղղությամբ բացարձակապես ոչինչ չէր արել: 90-ականներից չգործող կարուսելներն ու ատրակցիոնները մետաղակույտի են վերածվել։ Երեւանի երբեմնի լավագույն զբոսայգուց որպես հուշ մնացել են միայն ծառերը։ Զբոսայգու տարածքից վերջին տարիներին առանձնացվեց Պանթեոնը, որը բարեկարգ վիճակում է:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայումս որոշվել է այգում կառուցել հանրապետությունում առաջին դելֆինարիումը, որը կիրականացնի ուկրաինական «Ներում» ընկերությունը։
«Ներում»-ի տնօրեն Ալեքսանդր Մեռլյանի խոսքով, իրենք դելֆինարիաներ է կառուցել Կիեւում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում:
Դելֆինարիումը զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու վաղուց արդեն չգործող նախկին ատրակցիոնի տարածքը: Մուտքը Արշակունյաց պողոտայի կողմից է`զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ 18 մետր շառավղով ջրավազանն է։ Երկուսուկես ամիս անց այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երեւան կբերվեն Օդեսայից։
Ալեքսանդր Մեռլյանն ընդգծել է, որ իրենց մասնագետները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվեն նշված կենդանիներին հատուկ կենսապայմանները: Ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը բացօթյա, իսկ ձմռանը կփակվի ապակյա ծածկով։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու, ինչը լիովին բավարար ջրային միջավայր է, որպեսզի կենդանիներն իրենց հարմարավետ զգան։
Դելֆինարիումը կառուցում են հիմնականում ուկրաինացի մասնագետներ։ Շինարարությունն իրականացնող ուկրաինական այդ նույն կազմակերպությունն իրականացնելու է նաեւ Դելֆինարիայի սպասարկումն ու շահագործումը։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։
Բարեկարգման ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի կողմից զբոսայգում անցկացվելու են ոռոգման եւ արտաքին լուսավորության նոր ցանցեր, տեղադրվելու են կարուսելներ, վերականգնվելու են ծառուղիները, կառուցվելու է ավտոհանգրվան։




























